«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Փաշինյանը կոչ է անում խախտումների փաստերը «դուխով հրապարակել» - RadioVan.fm

Онлайн

«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Փաշինյանը կոչ է անում խախտումների փաստերը «դուխով հրապարակել»  

2020-06-03 17:29 , Политика, 308

«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Փաշինյանը կոչ է անում խախտումների փաստերը «դուխով հրապարակել»

«Այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի: Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով շարունակել իր նախաձեռնած ֆլեշմոբը:

«Ես այսօր դրան տրամադրեցի այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր»,-գրել է նա:

Նշենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրել էր հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել իր ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այսօր արդեն նա, պարբերաբար, հրապարակեց քաղաքացիների ուղարկած՝ դիմակների, ձեռնոցների կրման, սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտումները փաստող նկարներ՝ խնդրելով շարունակել հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել սեփական ֆեյսբուքյան էջում։

«Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,-գրել է վարչապետը։

Ի դեպ՝ օգտատերերից մեկից Նիկոլ Փաշինյանը ստացել է լուսանկար, որում դիմակներ կրող զույգը, կարծես, համբուրվում է:

«Իրենք են ուղարկել՝ «Հենց հիմա Սարյանի այգում» գրառումով: Կարևոր է, որ այս օրհասական պահին հումորի զգացումը չենք կորցնում և բարձր ենք գնահատում մեր զգացմունքները:

Հոգ տարեք միմյանց մասին, այս համաճարակը ցույց տվեց, թե ծանոթ ու անծանոթ, համախոհ ու հակոտնյա՝ որքան կարևոր ենք իրար համար»,-լուսանկարին կից գրառման մեջ նշել է վարչապետը։

ՀՀ վարչապետը հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ապավինում է քաղաքացիների բարձր գիտակցությանը, հատուկ ջոկատայիններին փողոց հանել չի պատրաստվում:

«Ես որ հեղափոխությամբ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ, ծեծ ու ջա՞րդ անեմ, որ կարգ ու կանոնը պահեն: Ես ո՞նց անեմ նման բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Մենք խոսել ենք, պայմանավորվել ենք ու արել ենք:...Հիմա ի՞նչ. դա փոխարինենք մահակներո՞վ: Դա իմը չի: Այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, բայց սեփական ժողովրդի հետ մենք ո՞նց էդպես վարվենք»,-այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծել է վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть