«Չեն կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասել վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին». Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Չեն կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասել վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին». Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

2020-06-08 21:42 , Политика, 1422

«Չեն կարող պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասել վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին». Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

«Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնները, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ին, ժողովրդին, պետությանը ծառայելու իրենց պոտենցիալը սպառել են: Եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, անպայման այդ հարցը կքննարկենք»,-այդ մասին այսօր պարետատան նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուժային երեք կառույցների ղեկավարների՝ ժամեր առաջ կայացրած պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումներին:

Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը պետք է հետևեն հակահամաճարակային կանոններին՝ հավանաբար նկատի ունենալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին:

«Առաջին հերթին՝ հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաներն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը, բայց, ցավոք սրտի, հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ մի բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, հակասեն վարչապետի հրապարակային ուղերձներին: Ուզում եմ բոլորի համար սա լինի պաչզ ու հստակ՝ չի կարող լինել մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Սա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից, սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգ ու կանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահանջ, որը չի կարող քննարկման առարկա դառնալ: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն, ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավական լուրջ է, և այդ լրջությունը պետք է գնահատել: Իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել ու չի փոխվելու, համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու»,-ասաց Փաշինյանը:

Նշենք՝ այսօր ժամեր առաջ վարչապետ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից, Արտակ Դավթյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի պաշտոնից, Արման Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:

Лента

Рекомендуем посмотреть