Ծառուկյանի՝ ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց, նա դուրս եկավ ԱԱԾ շենքից - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանի՝ ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց, նա դուրս եկավ ԱԱԾ շենքից

2020-06-14 23:43 , Право, 1662

Ծառուկյանի՝ ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց, նա դուրս եկավ ԱԱԾ շենքից

Այս րոպեներին՝ ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունից հետո, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքից, որտեղ հարցաքննվում էր:

Նա լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե, մասնավորապես, որ գործի շրջանակում էր հարցաքննություն, փոխարենը կրկին պնդեց, որ իր նկատմամբ ընթացող գործընթացը քաղաքական է ու այդպես չէր դիտարկի, եթե այս ամենը չհաջորդեր իր՝ կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտության վերաբերյալ օրեր առաջ արած հայտարարությանը:

Ծառուկյանի աջակիցները, որոնք կեսօրից չէին հեռանում ԱԱԾ շենքի հարակից տարածքից նրան դիմավորեցին «Ծառուկյան-Ծառուկյան» վանկարկումներով: Պատգամավորը հավաքվածներին հորդորեց հեռանալ:

ԱԱԾ դեպարտամենտից Գագիկ Ծառուկյանը դուրս գալու մասին րոպեներ առաջ հայտնել էր փաստաբան Նարեկ Ալոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Համառոտ հիմնական հարցերի մասին․

1․Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետևաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։

2․ Հարցաքննության տևողության մասին

Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին

Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ և քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝

Վերոնշյալը հանդիսանում է գործող իրավակարգավորումներից բխող իրավական վերլուծություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, ԱԱԾ շենքի առջևից բերման են ենթարկվել նրա տասնյակ աջակիցներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է «իրավական տեռոր»՝ տարածած հայտարարությունում նշելով, որ «Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն»։

ԱԱԾ-ն օրվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին առնչվող 3 հաղորդագրություն տարածեց, որոնցից մեկով հայտարարվեց «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, ստանալու հարյուրավոր դեպքերի բացահայտման մասին, երկրորդով՝ Առինջի պաշտոնատար անձանց կողմից պետությանն էական վնաս պատճառելու դեպքի առիթով ԱԱԾ-ում քրգործի հարուցման մասին, իսկ երրոդով հայտարարվեց վերջին 6 տարվա ընթացքում խաղատան և շահումով խաղերի ապօրինի գործունեության իրականացման մասին, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть