Եթե սա իրավական գործընթաց է, ապա նույնը պետք է սկսել «Լֆիկի», ՍԱՍ-ի Արտակի նկատմամբ․ քաղտեխնոլոգը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվողի մասին - RadioVan.fm

Онлайн

Եթե սա իրավական գործընթաց է, ապա նույնը պետք է սկսել «Լֆիկի», ՍԱՍ-ի Արտակի նկատմամբ․ քաղտեխնոլոգը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվողի մասին

2020-06-16 17:36 , Политика, 1123

Եթե սա իրավական գործընթաց է, ապա նույնը պետք է սկսել «Լֆիկի», ՍԱՍ-ի Արտակի նկատմամբ․ քաղտեխնոլոգը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվողի մասին

«Ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանին երբեք չեմ ընկալել որպես քաղաքական գործիչ: Այսօր էլ ոչ ուզում եմ պաշտպանել, ոչ էլ մեղադրել: Դա իմ գործը չէ:

Բայց, եթե սա իրավական գործընթաց է, ոչ թե`քաղաքական, ապա նույն գործընթացը պետք է սկսել Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ), Արտակ Սարգսյանի(ՍԱՍ-ի Արտակ) և էլի շատ-շատերի նկատմամբ: Առավել ևս, որ մնացածի նկատմամբ ԱԺ թույլատվություն պետք չէ: Հակառակ պարագայում սա միանշանակ կդիտարկվի որպես քաղաքական հետապնդում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր ձայների 87 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու գլխավոր դատախազի միջնորդությանը։

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38, 154.2 հոդվածի երկրորդ մասով»,-միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել` հիմնավորմամբ, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ունեցած ելույթից անմիջապես հետո գնացել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության՝ ներկա չլինելով ու չկարողանալով եզրափակիչ ելույթ ունենալ և պատասխանել պատգամավորների հարցերին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть