ԱԺ-ն ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ն ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

2020-06-16 18:59 , Право, 1191

ԱԺ-ն ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն: Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորներն ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ հիմա գտնվում են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է: Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը:

Այսօր ավելի վաղ անցկացված նույնպես փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում էր խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть