Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի. Փաշինյանի կոչը Ադրբեջանին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել - RadioVan.fm

Онлайн

Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի. Փաշինյանի կոչը Ադրբեջանին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել

2020-06-17 19:04 , Политика, 979

Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի. Փաշինյանի կոչը Ադրբեջանին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել

Այն բովանդակությունը, որը ՀՀ կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը երկար ժամանակ վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա:

Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նա կորոնավիրուսային հիվանդության բարդ պայմաններում անգամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող էր այդ քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ:

Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով՝ առավելևս Արցախի հարցը ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և մենք ասել ենք, որ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի: Ու քանի որ այս հանգամանքների բերումով ռազմաշունչ տրամաբանությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ: Եվ Ադրբեջանի իշխանությունը սեփական ժողովրդին խնդիր ունի բացատրելու, թե ինչու այս 15 տարիների ընթացքում արդյունքի չեն հասնում: Եվ այդ հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի իր ժողովրդի վրա»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ իր կոչն Ադրբեջանի նախագահին մնում է նույնը և առաջարկեց, ի վերջո, համաձայնել իր առաջարկի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Իմ կոչը Ադրբեջանի նախագահին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում զուցաբերել և, ի վերջո, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողվրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետև ուրիշ բանաձև չկա»։

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть