Ներշենքային սրճախմությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Փաշինյանը նախարարին հորդորեց հրապարակել վարակվածների շենքերի հասցեները - RadioVan.fm

Онлайн

Ներշենքային սրճախմությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Փաշինյանը նախարարին հորդորեց հրապարակել վարակվածների շենքերի հասցեները

2020-06-18 17:53 , Политика, 976

Ներշենքային սրճախմությամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Փաշինյանը նախարարին հորդորեց հրապարակել վարակվածների շենքերի հասցեները

«Պետք է ոչ թե թաղամասերով, այլ շենքերով, հասցեներով հրապարակել, թե որտեղ կորոնավիրուսով հիվանդ քանի մարդ կա: Թող ով չի հավատում՝ գնան տեսնեն: Այսքան ժամանակ չենք կարողացել գոնե մեկ քաղաքացու համոզել, որ գա, կանգնի ասի, որ իր հարազատը մահացել է: Չնայած իրենց սուգն էլ ենք հասկանում»,-այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետը՝ կոչ անելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակված թաղամասերը, այլ շենքերի հասցեները:

Արսեն Թորոսյանը համաձայնեց վարչապետի հետ՝ նշելով, որ իրենք դրանով կզբաղվեն, կքարտեզագրեն:

«Երբ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվություն տարածելու, պարզվեց խոսքի ազատությունն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում է: Ասում են՝ կորոնավիրուս չկա, վթարից մահացածի հարազատներին փող են տալիս, որ համաձայնեն, որ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել»,-նկատեց վարչապետը:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում ցանցային պայքար իրականացնելու մեկնարկի մասին՝ հայտարարելով, որ այդուհետ ինքն օրական մի քանի անգամ կհրապարակի վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն՝ փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի, ընդգծել էր նախարարը, քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե, արդյո՞ք, առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Վարչապետի խոսքով՝ շատ քաղաքացիներ խնդիրն ընկալում են որպես առողջապահական կամ հիվանդանոցային կարողությունների խնդիր, բայց խնդիրը, ըստ նրա, դա չէ:

«Խնդիրն առողջապահական համակարգից դուրս մեր գործողությունների էֆեկտիվության մեջ է, որը էլի նույն խնդիրն է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը: Այս առումով մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք դրա վրա՝ հիվանդանոցներից դուրս, հանրային կյանքում, բակերում, ես համաձայն եմ, շքամուտքերում,-ասաց վարչապետը՝ հավելելով,-գիտենք, որ վաղեմի սովորություն կա Երևանում, երբ շքամուտքերում սրճախմություն է կազմակերպվում, որը շատ սիրելի և կոլորիտային սովորություն է Երևան քաղաքի և ոչ միայն Երևանի, ընդհանրապես քաղաքների համար: Իմիջիայլոց, ես երկար էի մտածում, պարոն Թորոսյան, այդ թվում այն մասին, թե ի՞նչն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանց: Դրա համար կա 2 պատճառ՝ մեկը, որ տեքստիլի ոլորտից եկողն էր, բայց այս հանգամանքը նույնպես կարծում եմ էական դեր է խաղում, որովհետև կանայք այդպիսի ներշենքային շփումներում հատկապես իրենք առավել ակտիվ են լինում, և մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»:

Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 18 698-ի, ապաքինման 746 նոր դեպք է հաշվարկվել՝ ընդհանուր թիվը հասցնելով 7560-ի, արձանագրվել է մահվան ևս 7 նոր դեպք՝ մահվան ելքերի թիվը դարձնելով 309: Վարակված ևս 101 անձ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть