Միքայել Մինասյանի՝ 20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունը անիրական է. ՀՀ ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Միքայել Մինասյանի՝ 20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունը անիրական է. ՀՀ ոստիկանություն

2020-06-18 20:40 , Право, 320

Միքայել Մինասյանի՝ 20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունը անիրական է. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է լրատվական կայքերից մեկում՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին առնչվող հրապարակմանը:

Միքայել Մինասյանը, նշենք, մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրած «Ստի վերջը» խորագրով շարքի 4-րդ տեսանյութում հայտարարելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ, մասնավորապես, նշել էր.

«Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից, տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ նրանք դառնում են հայկական, որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե դրանք ոնց դարձան հայկական։ Եվ այդ ընկերություններին տալիս են հայկական քվոտաները, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական արտահանվում են երկրներ, չասենք՝ որ երկրներ, ինչքան, առանց մուծելու ոչ մի հարկ, ոչ մի մաքսային հարկ, ոչինչ: Ըստ պետական վիճակագրության 2020 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կար 20 միլիարդի ադամանդ։ Իսկ այդ քանակի ադամանդ մշակելու համար պետք է լինի ավելի քան 1400 աշխատող, այն դեպքում, երբ այդ ոլորտում Հայաստանում գրանցված է 400 աշխատող: Հետևաբար, այդ քանակը անհնարին է անել եղած մարդկանցով։ Ավելացնեմ մի բան էլ, որ Հայաստանում դա անեն, պետք կլինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրաէներգիա, հարկ տան 1400 հոգու համար։ Այդ ամենը չկա, կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի։ Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից, որովհետև այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»։

ՀՀ ոստիկանությունն, ահա, տարածած հաղորդագրությամբ հայտնում է.

«Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, մինչդեռ այդ քանակի համար, ըստ միջին վիճակագրության, անհրաժեշտ է մեծ արտադրամաս, ահռելի քանակի հոսանքի ծախս և 1400 աշխատող, սակայն նշված պայմանները բացակայում են, և ՀՀ-ում առկա են գրանցված 400 մասնագետներ։

Նշված հոդվածի կապակցությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ 2019 թվականին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9, իսկ ոսկերչական զարդերի արտադրությամբ՝ 30 կազմակերպություն, որոնց աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 502 և 390 մարդ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ադամանդի մշակմամբ և ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվել է համապատասխանաբար 9 և 27 կազմակերպություն (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հավաքագրվում է տարեկան կտրվածքով)։ Տրամադրվել է նաև 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանված ու ներմուծված ադամանդի և ոսկու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ (մշակված ադամանդ, մշակված բնական ադամանդ, չմշակված և մշակված բնական ալմաստ, արդյունաբերական չմշակված ալմաստ) և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի (ոսկու ձուլակտորներ, շերտաթիթեղ և պրոֆիլներ, ոսկյա զարդեր)։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։

Ստուգողական գործողությունների նյութերի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից պարզ է դառնում, որ Միքայել Մինասյանի կողմից հայտարարված՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 20 մլրդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել»։

Лента

Рекомендуем посмотреть