Լիտվայից Հայաստան է ուղևորվել 8 բուժաշխատող, 3 մասնագետ՝ բերելով նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ - RadioVan.fm

Онлайн

Լիտվայից Հայաստան է ուղևորվել 8 բուժաշխատող, 3 մասնագետ՝ բերելով նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ

2020-06-19 14:57 , Политика, 1162

Լիտվայից Հայաստան է ուղևորվել 8 բուժաշխատող, 3 մասնագետ՝ բերելով նաև  կորոնավիրուսի  30 000 հատ թեստ

Այսօր՝ հունիսի 19-ին, Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։

Լիտվայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

Կայացած մամլո ասուլիսում Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարարն ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան մեկնող երեք մասնագետները կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդն են բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքել է Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերում։

Դեսպանի խոսքով՝ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին էլ Հայաստան են ժամանել մասնագետներ՝ Ֆրանսիայից։ Այդ երկրում համավարակը հաղթած բժիշկները հաջորդ օրն իսկ անցել են պայքարի առաջնագիծ՝ աշխատելով 3 խոշոր բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում։

Նշենք՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստան մասնագետներ գործուղելու պատրաստակամության մասին է հայտարարել նաև պաշտոնական Վրաստանը, Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչով էլ Հայաստան են ժամանելու նաև մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть