Քոչարյանին ազատ արձակելու դիմաց 2 մլրդ դրամ գրավի գումարը վճարելուն մասնակցության պատրաստակամությունն են հայտնել գործարարներ ու բարերարներ․ Սողոմոնյան - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանին ազատ արձակելու դիմաց 2 մլրդ դրամ գրավի գումարը վճարելուն մասնակցության պատրաստակամությունն են հայտնել գործարարներ ու բարերարներ․ Սողոմոնյան

2020-06-19 15:02 , Право, 210

Քոչարյանին ազատ արձակելու դիմաց 2 մլրդ դրամ գրավի գումարը վճարելուն մասնակցության պատրաստակամությունն են հայտնել  գործարարներ ու բարերարներ․ Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամ գրավով փոխարինելու վերեբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին՝ հայտնելով, որ այդ գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում։

Սողոմոնյանի հայտարարությունն ամբողջությանբ՝ ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, երեկ, հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Ողջունելով դատարանի որոշումը շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։

Սա աննախադեպ մեծ գումար է, որը Հայաստանում երբևէ չի կիրառվել որպես գրավ։ Նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Թերևս այս հանգամանքի ակնհայտությունն էր պատճառը, որ դատական վճռի հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ զանգեր ենք ստացել առանց չափազանցության հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։

Տեղեկացնեմ նաև, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում։ Նախագահ Քոչարյանի, նրա ընտանիքի և պաշտոնաթող Նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով աջակցում է մեզ՝ անկախ պատեհությունից ու քաղաքական վայրիվերումներից։

Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներին, մեր ժողովրդի պատմության մեջ նշանակալի ավանդ ոնեցող բոլոր այն պետական գործիչներին, որոնք պատրաստ էին անձնապես երաշխավոր լինել Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու համար, մեր բոլոր զինակիցներին և աջակիցներին, Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբին, բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աղաղակող անարդարության դեմ՝ իրենց ելույթով, դատարանի առաջ որևէ հավաքին մասնակցելով կամ Նախագահի ազատությունը պահանջող փաստաթղթի տակ ստորագրություն դնելով։

Վստահ եմ, որ տեղի ունեցածը արդարության վերականգման առաջին քայլն է միայն»։

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից. այդ օրը Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու 2019-ի մայիսի որոշումը՝ կալանքի տակ վերադարձնելով ՀՀ երկրորդ նախագահին:

Այս ընթացքում Քոչարյանի պաշտպանական խումբը մի շարք միջնորդություններ է ներկայացրել նրա խափանման միջոցը գրավով, անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, որոնք, սակայն, մեջժվել են։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց 3 միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

«Սա ոչ թե խափանման միջոցի, այլ մարդուն պատժելու խնդիր է»,-հայտարարել էր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ նշելով, որ որոշումը կբողոքարկեն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть