«Ինչպես որ երեխաներն են սպասում Նոր տարվա գիշերվան՝ 12:01 հրաշքի ակնկալիքով, նույն այդ հրաշքի ակնկալիքով Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, «ավետելով», որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն». ՍԴ-ի բակում աջակիցներն էին - RadioVan.fm

Онлайн

«Ինչպես որ երեխաներն են սպասում Նոր տարվա գիշերվան՝ 12:01 հրաշքի ակնկալիքով, նույն այդ հրաշքի ակնկալիքով Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, «ավետելով», որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն». ՍԴ-ի բակում աջակիցներն էին

2020-06-26 16:36 , Общество, 235

«Ինչպես որ երեխաներն են սպասում Նոր տարվա գիշերվան՝ 12:01 հրաշքի ակնկալիքով, նույն այդ հրաշքի ակնկալիքով Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, «ավետելով», որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն». ՍԴ-ի բակում աջակիցներն էին

«Այն, ինչ տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ից մինչ օրս, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է՝ բազմաթիվ արարներով, և սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարծես ամենավերջին արարն էր, որը ամենակոպիտն ու ամենաառերևույթն էր»,-դիտարկումն այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում լրագրողների հետ զրույցում հնչեցրեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ հարկ է համարել գտնվել բարձր դատարանի բակում, քանի որ այսօր կարևոր օր է թե՛ ՍԴ-ի համար, և թե՛ Սահմանադրության ինստիտուտի համար:

Հիշեցնենք՝ այսօր ուժի մեջ է մտել Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության շուրջ 5 տասյակ պատգամավորների հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Իշխանությունների մեկնաբանմամբ՝ դա վերաբերվում է բարձր դատարանի 9 դատավորներից 3-ին՝ Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, Ալվինա Գյուլումյանին, որը, ի դեպ, որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարել է 1996-ից մինչև 2003 թվականները, ապա զբաղեցրել այլ պաշտոններ ու 2014-ին կրկին նշանակվել ՍԴ անդամ։

Նույն նախագծով Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ։

Ի պաշտպանություն Սահմանադրական դատարանի դատավորների ու այդ ինստիտուտի՝ Ռուբեն Մելիքյանից բացի Սահմանադրական դատարանի բակ էին եկել նաև այլ իրավապաշտպաններ, իրավաբաններ, որոշ քաղաքական գործիչներ՝ այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Հայաստանում բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»,-ՍԴ-ի շուրջ տիրող իրավիճակին այսպիսի գնահատական տվեց ՍԴ բակ եկած իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվ, ցավոք, Հայաստանում քաղաքական այդ բիրտ ուժի դեմ դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբանները՝ որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ։ Եվ փոխանակ այդ ամեն ինչի թիկունքում, որպես իրավական պետության կառուցման ճանապարհին, կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն, պարզվեց՝ այդ բոլոր քաղաքական ուժերը իրավաբաններին, փաստաբաններին, մի քանի դատավորների թողեցին անպաշտպան»,- ասաց Իշխանյանը։ Նրա գնահատմամբ՝ գնում ենք դեպի պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանման»,-նկատեց իրավապաշտպանը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ հղում կատարեց իրավաբանների դիտարկումներին, ըստ որոնց` ՀՀ Սահմանադրության 80-րդ կետը, որով նախատեսվում է, որ նշված երեք դատավորները, անգամ եթե ապօրինի ճանապարհով Սահմանադրություն է փոխվել, շարունակում են մնալ Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահ:

«Խնդիրն այն է, որ բոլոր փաստարկները՝ իրավական, քաղաքական, անտեսվում են, և իշխանություններն այսօր գործում են ոչ թե օրենքով և իրավունքի ուժով, այլ գործում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններով և հրահանգներով, որի ականատեսը եղանք երեկ գիշերը: Փոքր երեխայի պես սպասել էր, ինչպես որ երեխաներն են սպասում Նոր տարվա գիշերվան՝ 12:01 հրաշքի ակնկալիքով, նույն այդ հրաշքի ակնկալիքով Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, «ավետելով», որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն»,-«Tert.am»-ի հետ զրույցում նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօրվանից ուժի մեջ մտնող օրենքի վերաբերյալ նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է այն և ուժի մեջ կմտնի այսօր, դրանից ժամեր հետո՝ կեսգիշերից րոպեներ անց, մեկ այլ գրառմամբ կրկին անդրադարձել էր հարցին՝ նշելով.

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։

Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։

Հավելենք, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել հունիսի 22-ին խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունած և այսօրվանից ուժի մեջ մտած օրինագծի սահմանադրականությունը վիճարկող 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումի թղթային տարբերակը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть