«Աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը». նախագահ Սարգսյանը՝ օտարերկրյա դեսպաններին - RadioVan.fm

Онлайн

«Աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը». նախագահ Սարգսյանը՝ օտարերկրյա դեսպաններին

2020-06-26 20:04 , Политика, 1068

«Աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը». նախագահ Սարգսյանը՝ օտարերկրյա դեսպաններին

«Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-իր դիրքորոշումն այսօր արտահայտել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) հավատարմագրված մի շարք դեսպանների հետ հանդիպմանը:

Նախագահը շեշտելով, որ Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա՝ նշել է, թե ուրախ է, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները, որն էլ, ըստ էության, հնարավորություն տվեց Ազգային ժողովի նախագահին պաշտոնական տեղեկագրում անձամբ հրապարակել Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կասեցման և բարձր դատարանի 3 անդամների պաշտոնավարման դադարեցում ենթադրող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները:

Մինչդեռ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, թե նախագահ Սարգսյանը, ստորագրելով իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում է հանձնել Սահմանադրական դատարան, որով նպատակ ունի վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, քանի որ այն որակում է հակասահմանադրական։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть