«30 տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան». իտալացի 11 բժիշկ Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

«30 տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան». իտալացի 11 բժիշկ Հայաստանում է

2020-06-26 21:46 , Политика, 1208

«30 տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան». իտալացի 11 բժիշկ Հայաստանում է

Այսօր՝ հունիսի 26-ին, Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը, որը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում առաջիկա երեք շաբաթներին գործունեություն կծավալի մեր բուժկենտրոններում:

«Երեսուն տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու համար։

Մարդասիրական այս քայլն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ բարեկամ Իտալիան դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել աշխարհը պատուհասած այս համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին։

Շնորհակալ ենք, Իտալիա

Շնորհակալ ենք, սիրելի բուժաշխատողներ, մեր ժամանակների հերոսներ»,-ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշենք՝ բուժանձնակազմին տեղափոխած օդանավով Հայաստան են բերվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Իտալացի բժիշկներին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանում է նաև Ֆրանսիայից ժամանած բժիշկների երկրորդ խումբը, որի կազմում են նաև մեր հայրենակիցներ Լորան Փափազյանը և Հայկ Վարդանյանը:

«Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին: Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծապես գնահատում են այն, ինչ դուք հիմա անում եք: Ֆրանսիայում համավարակի հաղթահարման ծանրաբեռնված աշխատանքից հետո ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան, որտեղ համավարակը շարունակվում է, ձեզ ռիսկի ենթարկել և օգնության ձեռք մեկնել»,-ասել է այսօր Ֆրանսիայից ժամանած բժիշկներին հյուրընկալած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայից բժիշկների առաջին խումբը Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին: 10 օր աշխատելով կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող Երևանի 3 խոշոր բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում՝ նրանք հունիսի 23-ին ավարտեցին իրենց առաքելությունը՝ վերադառնալով հայրենիք:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть