Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին. Բուքիքիոն՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին - RadioVan.fm

Онлайн

Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին. Բուքիքիոն՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին

2020-06-26 23:35 , Политика, 1248

Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին. Բուքիքիոն՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասին

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:

Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը, որի ֆեյսբուքյան էջում հրապարկվել է Բուքիքիոյի նամակի բնօրինակը և թարգմանությունը:

Ներկայացնում ենք այն՝ առանց փոփոխությունների.

«Հարգելի Նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքով՝

Ջիանի Բուքիքիո»:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության նախաձեռնությամբ հունիսի 22-ին արտահերթ նիստում 24-ժամյա ռեժիմում քննարկվեց ու ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ մտան այսօր: Համաձայն դրանց՝ կասեցվում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ, իսկ ՍԴ 9 անդամներից 3-ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, լիազորությունները դադարեցվում են: Նույն օրը, երբ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր նշյալ նախագիծը, արդարադատության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ:

Երեկ՝ ՍԴ 4 անդամները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, նշել էին.

«Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:

Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:

Հ. Թովմասյան

Ա. Գյուլումյան

Ֆ. Թոխյան

Հ. Նազարյան»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть