«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն»․ Թորոսյանը կոչ է անում սահմանափակել այցերը, այդ թվում՝ սրճարան-ռեստորանային - RadioVan.fm

Онлайн

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն»․ Թորոսյանը կոչ է անում սահմանափակել այցերը, այդ թվում՝ սրճարան-ռեստորանային

2020-06-29 15:38 , Общество, 1397

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն»․ Թորոսյանը կոչ է անում սահմանափակել այցերը, այդ թվում՝ սրճարան-ռեստորանային

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիներին հորդորելով սահմանափակել ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները՝ այդ թվում՝ դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները։ Ըստ նախարարի՝ դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։

Նախարարի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։

Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։

Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։

Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։

Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։

Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։

Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։

Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն։

Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։

Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։

Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։

Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ…»։

Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

«Հնարավորություն ունենք 28 օրվա ընթացքում թվերը զրոյացնենք»,- Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Չնայած երկրում գործող արտակարգ դրության ռեժիմին՝ ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 4-ից հանվեցին մի շարք սահմանափակումներ՝ այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպման մասով։ Թույլատրվեց ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը՝ բացառապես բացօթյա տարածքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանման և առավելագույնը 5 հոգու ներկայության ցուցումով։

Մայիսի 20-ին վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիայով կառավարության շենքի առջև էին, նրանց պահանջում էին վերացնել առնվազն 5 հոգով այդ վայրեր հաճախելու պարետի որոշմամբ կիրառվող սահմանափակումները:

Մայիսի 22-ին Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին և «անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձեն գտնել լուծումներ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть