Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Հայաստանին 50-80 միլիոն եվրո գնահատվող վարկ տրամադրելու հարցը. Մակրոնը զորակցության նամակ է հղել Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Հայաստանին 50-80 միլիոն եվրո գնահատվող վարկ տրամադրելու հարցը. Մակրոնը զորակցության նամակ է հղել Փաշինյանին

2020-06-30 18:22 , Политика, 1040

Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Հայաստանին 50-80 միլիոն եվրո գնահատվող վարկ տրամադրելու հարցը. Մակրոնը զորակցության նամակ է հղել Փաշինյանին

«Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի»,-այդ մասին ՀՀ վարչապետին հղած զորակցության նամակում ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանցիայի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակն ամբողջությամբ՝ ստորև.

«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ,

Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք:

Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և դրա հետևանքների դեմ:

Այս ոգով էլ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ և՛ Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, և՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում:

Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի: ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա:

Հույս հայտնելով, որ մեր համերաշխության և բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»:

Лента

Рекомендуем посмотреть