Նախագահ Սարգսյանը ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ այն միաժամանակ ժամանակավրեպ համարելով - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ այն միաժամանակ ժամանակավրեպ համարելով

2020-07-01 14:45 , Политика, 1016

Նախագահ Սարգսյանը ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ այն միաժամանակ ժամանակավրեպ համարելով

Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ այն ժամանակավրեպ համարելով

ըստ որի, հիշեցնենք, հանրապետությունում կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում է կատարվելու շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայնում են, որ օրենքը Արմեն Սարգսյանի ստորագրմանն է ներկայացվել 2020թ. հունիսի 26-ին:

Նշվում է, որ նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին:

«Հանրապետության նախագահը Օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

Հանրապետության նախագահը տեղյակ է Օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով Օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու:

Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում Օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:

Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:

Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միևնունն է օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ Օրենքի սահմանադրականության խնդիր չկա:

Հետևաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը:

Ստորագրելով հիշյալ Օրենքը, Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը»,-ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Ազգային ժողովի (ԱԺ) իշխանական մեծամասնությունը գույքահարկի փոփոխությունների շուրջ առկա քննադատություններն ու մտահոգությունները տեղին չի համարում: Նախօրեին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ կարծիք էր հայտնել, որ դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ, որոշ դեպքերում, միտումնավոր մանիպուլյացիա:

Նրա խոսքով բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է 2019-ին, և հիմա այս նախագծով փորձում են մեղմել այդ նախագծի էֆեկտը:

Թունյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ, իսկ շուրջ 200 000 բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть