Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Եվրամիության՝ արտաքին սահմաններն այսօրվանից որոշ երկրների համար բացելու վերաբերյալ որոշմանը:
Նշենք՝ ըստ այդ որոշման՝ շուրջ 15 երկրի քաղաքացիներ իրավունք են ստացել հատել Եվրամիության սահմանները, մինչդեռ Թուրքիան այդ ցանկում ներառված չէ:
«Մենք հիասթափված ենք։ Թուրքիայի ջանքերը, որոնք ներդրվել են կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար, ակնհայտ են: Այս որոշումը պետք է ընդունվեր օբյեկտիվ չափանիշներով՝ հաշվի առնելով երկրի հաջողությունը, որը որպես օրինակ բերվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային հանրության կողմից:
Ակնկալում ենք, որ մեր քաղաքացիների ուղևորությունների սահմանափակմանը վերաբերող այդ սխալն ամենասեղմ ժամկետում կշտկվի»,-Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի խոսքերն է մեջբերում այդ երկրի պետական «Անադոլու» գործակալությունը:
Նշենք՝ ըստ worldometers միջազգային պորտալի՝ Թուրքիայում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 199,906 է, որից 173,111-ը՝ ապաքինված, 5,131-ը՝ մահվան ելքով: 84,336,637 բնակչություն ունեցող այդ երկրում առ այսօր կատարվել է շուրջ3,381,650 թեստավորում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը