Նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ: Այս կարծիք-դիտարկումն այսօր արել է ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան՝ մասնակցելով ՏԱՍՍ լրատվական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանին:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միտրոֆանովան նախկին խորհրդային երկրների սահմանադրություններում և պրակտիկայում ռուսերենի զարգացումը և օրենսդրական ամրապնդումն իրենց առաջնահերթ խնդիրն է համարել:
Միտրոֆանովան հիշատակել է ՄԱԿ-ի կողմից նախորդ տարի անցկացված ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց, 2015-ին ԱՊՀ տարածքի 138 մլն. բնակչությունից միայն 61 մլն.-ն է տիրապետել ռուսաց լեզվին, 36,9 մլն.-ի իմացությունը պասիվ է եղել, իսկ 36.6 մլն. մարդ առհասարակ չի տիրապետել այդ լեզվին:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ռուսերենի նկատմամբ վերաբերմունքն առավել մտահոգիչ է Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Ղազախստանում և Վրաստանում:
«Թերևս ճիշտ կլինի ֆրանկոֆոնիայի օրինակով ստեղծել միավորում, որն առաջ կտանի ռուսաց լեզուն, իհարկե, միանգամից դա անել չի հաջողվի, բայց հարկ է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Միտրոֆանովան: