«Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին». Հայաստանն արդեն իսկ բանակցում է կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը ձեռք բերելու համար - RadioVan.fm

Онлайн

«Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին». Հայաստանն արդեն իսկ բանակցում է կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը ձեռք բերելու համար

2020-07-02 16:29 , Политика, 998

«Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին». Հայաստանն արդեն իսկ բանակցում է կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը ձեռք բերելու համար

Ի՞նչ է անում Հայաստանը հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար. այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում 2 ուղղությամբ: Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Օրինակ, երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան՝ MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ, օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 2020 թվականի վերջին, բայց երկրների մի խմբի հասնի դրանից ևս 1 տարի հետո: Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն առավել հավանական է, որ դրանցից մոտ 20-ը կդառնա:

Նախարարի ներկայացմամբ՝ պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով անձանց, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների վրա, և նախնական՝ 1-ին և 2-րդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը:

«Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ այդքան վտանգավոր չլինելու հիմքով»,-նկատեց առողջապահության նախարարը՝ նշելով, որ տարբեր գնահատականներով՝ պատվաստանյութի մատակարարարումը հասանելի կլինի երկրներին կամ 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին: Այդ ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումն սպասվում է այդ ժամանակ:

«Բայց ընդհանուր փաստը, որ այն լինելու է, փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով այդ բանակցությունները»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք՝ ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից հիմնված Բոստոնում գտնվող Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին հայտնի դարձավ ս.թ. փետրվարին:

Պատվաստանյութի փորձարկումների հաջող ընթացքի մասին Moderna ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանը հեռավար զրույցում ասել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նշենք, ըստ worldometers միջազգային պորտալի, աշխարկում կորոնավիրուսից առ այսօր գրանցվել է մահվան կես միլիոնից ավելի դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրթիվը 10,834,238 է, որից 6,054,040-ը՝ առողջացած:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի 26 658 հաստատված դեպք կա, որից 15 036-ը՝ առողջացած, 459-ը՝ մահվան ելքով, կորոնավիրուսով հիվանդ 153 մարդ էլ մահացել է այլ հիվանդություններից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть