Մարզերում սննդամթերքի որակի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի - RadioVan.fm

Онлайн

Մարզերում սննդամթերքի որակի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի

2016-11-17 19:55 , Общество, 751

Մարզերում սննդամթերքի որակի նկատմամբ հսկողությունը կուժեղացվի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունից։

Կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտանգությանը պատշաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ Ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել:

Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է.

-hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին,

-գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության,

-դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել,

-հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին,

-մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին,

-ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով:

Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում-բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին:

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Իշխան Կարապետյանն առաջարկել է սերտացնել համագործակցությունը Ծառայության մասնագիտացված՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների և մարզային կենտրոնների միջև, հանդիպումները մարզային կենտրոնների ղեկավարների հետ դարձնել պարբերական:

«Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը:

Միաժամանակ ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խորհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով:

Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է, որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար:

Лента

Рекомендуем посмотреть