«Հույս ունեմ, որ նվերները կջերմացնեն նրանց սրտերը». Լիտվայի առաջին տիկինը կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին նվերներ է ուղարկել - RadioVan.fm

Онлайн

«Հույս ունեմ, որ նվերները կջերմացնեն նրանց սրտերը». Լիտվայի առաջին տիկինը կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին նվերներ է ուղարկել  

2020-07-03 16:32 , Политика, 867

«Հույս ունեմ, որ նվերները կջերմացնեն նրանց սրտերը». Լիտվայի առաջին տիկինը կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին նվերներ է ուղարկել

Լիտվական ռազմական ինքնաթիռն այսօր ուղղություն է վերցրել դեպի Հայաստան՝ հայրենիք վերադարձնելու կորոնավիրուսի դեմ պայքարում մեր երկրին աջակցելու նպատակով շուրջ 2 շաբաթ առաջ Հայաստան ժամանած բուժաշխատողներին:

Լիտվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ինքնաթիռը Հայաստան է բերում նաև Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ կորոնավիրուսով վարակված հայ մանուկների համար պատրաստած նվերները:

«Այն պահին, երբ աշխարհն անցնում է առանձնապես ծանր ժամանակաշրջան, մենք քաջ գիտակցում ենք, որ հիվանդությունը չի ճանաչում սահմաններ կամ աշխարհագրական հեռավորություններ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Հայաստանի փոքրիկ հիվանդներին մեր անկեղծ հոգածությունը փոխանցել՝ հուսալով, որ նվերները կջերմացնեն նրանց սրտերը և կամրապնդեն նրանց ընտանիքների ոգին: Լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ողջ ժողովրդին և անկեղծորեն ցանկանում, որ հաղթահարեք վիրուսի հետևանքները»,-առաջին տիկնոջ խոսքերն է փոխանցում Լիտվայի Հանրապետության նախագահի կայքը:

Առաջին տիկինը նաև շնորհակալություն է հայտնել լիտվիացի բժիշկներին՝ ցուցաբերած վճռականության ու պրոֆեսիոնալիզմի համար:

«Դուք օրինակ եք մարդասիրության, շնորհակալություն այնտեղ գտնվելու համար, մաղթում եմ ձեզ բարի վերադարձ»,-նշել է Լիտվայի նախագահի տիկինը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով 8 բուժաշխատողից ու 3 մասնագետից կազմբած բուժանձնակազմը Լիտվայից Հայաստան է ժամանել հունիսի 19-ին: Նույն ինքնաթիռով մասնագետները Հայաստան էին բերել նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть