ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն՝ նոր՝ 310․1 հոդվածով, ամրագրվում է կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն գործիք հանդիսացող ապօրինի հարստացման հանցակազմը: Ըստ այդմ, եթե հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք՝ նրա հետ համատեղ ապրող ծնողը, չափահաս և չամուսնացած զավակը, հաշվետու ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանով, ապա համարվելու է, որ այդ անձը հարստացել է ոչ օրինական ճանապարհով, ինչի համար նա պատասխանատվության է ենթարկվելու:
Հանցակազմի առկայության պարագայում՝ սահմանված պատիժը ազատազրկումն է՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Նախագծով նաև հստակեցված է ապօրինի հարստացման շեմը՝ որը համարվելու է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը՝ այն է 5 մլն դրամը և ավելին: Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ հաշվարկի հիմքում դրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակի բաժնի պետի գործակիցները, հաշվարկվել է նշյալ պաշտոնների համար տրվող աշխատավարձերի միջին թվաբանականը` նախատեսելով դա 6 ամսվա համար:
Հավելենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների առավել թափացիկության ապահովման նպատակով Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նաև «Հանրային ծառայության» մասին օրենքում: Համաձայն որի էլ՝ կանխիկ գործառույթները սահմանափակող դրույթ կսահմանվի. հայտարարագիր ներկայացնող սուբյեկտները կպարտավորվեն ստացած և հանձնած փոխառությունները, դրանց դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վճարները և այլն, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, կատարել անկանխիկ: