2017 թվականը Երևանում համեստ կդիմավորեն. այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ վարչական շրջանների ղեկավարներին, Երեւան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձեւավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:
Հավելենք, որ 2014-ին մայրաքաղաքի համայնքային բյուջեից մոտ 48 մլն դրամ է հատկացվել Երեւանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար, 2015-ին այն կազմել է 40 մլն դրամ: