Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ

2020-07-10 17:30 , Политика, 997

Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Այդ մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նշվում է, որ նախօրեին անցակցված հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլն:

«Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության և օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձևաչափով մեկժամյա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:

Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձևաչափով:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաև առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել»,-ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Քոչարյանը, ով «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ ազատ արձակվեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ երկրորդ նախագահին ազատ արձակելու դիմաց 2 մլրդ դրամ գրավի գումարը վճարելուն մասնակցության պատրաստակամությունն են հայտնել գործարարներ ու բարերարներ։ Նա, «ողջունելով դատարանի որոշումը շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով», միաժամանակ տարակուսանք էր հայտնել «աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть