Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ դեսպան Լաքոտը Գրիգոր Լուսավորչի բժիշկներին քաղցրավենիք է նվիրել՝ պատրաստված ֆրանսիացի խոհարարի ձեռքերով - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ դեսպան Լաքոտը Գրիգոր Լուսավորչի բժիշկներին քաղցրավենիք է նվիրել՝ պատրաստված ֆրանսիացի խոհարարի ձեռքերով

2020-07-14 18:12 , Общество, 141

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ դեսպան Լաքոտը Գրիգոր Լուսավորչի բժիշկներին քաղցրավենիք է նվիրել՝ պատրաստված ֆրանսիացի խոհարարի ձեռքերով

Ֆրանսիայի Հանրապետությունում այսօր ազգային տոն է՝ Բաստիլի գրավման օրը։ Տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել.

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրավունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքակրթական արժեքները։

Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։

Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պետական այցով։

Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ:

Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»։

Ի դեպ, Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք է նվիրել: Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցել է դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը:

«Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով: Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում: Շնորհակալություն Ֆրանսիա, շնորհավոր տոնդ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան այսօր տոնում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը: Այդ պատմական օրն ընդմիշտ վերջ տվեց միապետությանը և հեղափոխական Ֆրանսիայում դրվեցին հանրապետության հիմքերը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել Ծովինար Խաչատրյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть