Կանանց ծննդաբերությունից հետո ամուսինները նույնպես հայտնվում են դեպրեսիվ վիճակի մեջ. այս համոզմունքը որդու ծնունդից հետո հայտնել է դեպրեսիայի մեջ ընկած Մարկ Ուիլյամսը: Նա կարծում է, որ ապագա հայրերին պետք է աջակցություն ցուցաբերել և, որ պետք է ստուգել նրանց հոգեկան առողջության վիճակը:
Ըստ BBC News-ի՝ «Fathers Reaching Out» անունով կազմակերպություն հիմնած Ուլիլյամսը պատմել է, թե ինչպես որդու բարդ ծնունդից հետո մի օր այգում նստած հանկարծակի սկսել է լաց լինել: Ուիլյամսի որդին լույս աշխարհ է եկել 2004 թվականին՝ 24 ժամ տևած կեսարյան հատմամբ ծննդաբերությունից հետո: Ուիլյամսի խոսքով՝ բարդ ծննդաբերությունը թե' իր, թե' կնոջ վրա վատ ազդեցություն է թողել:
«Ծննդաբերությունից հետո ստիպված էի աշխատանքից դուրս գալ և խնամել թե' երեխայիս, թե' կնոջս: Կինս հիանալի մայր է, սակայն ակնհայտորեն նա աջակցության կարիք ունի»,- պատմել է նա:
«Ինչպես կանանց դեպքում են անում մինչև ծննդաբերությունն ու հետծննդյան շրջանում, նման միջոցներ պետք է ձեռնարկվեն նաև հայրերի համար»,- ասել է Ուիլյամսը, ով պատրաստվում է հայրերին աջակցման հարցը բարձրացնել օրենսդիրների առաջ: