Մեզ հարկավոր է ամուր թիկունք. Փաշինյանը՝ հակահամաճարակային կաննոների պահպանման կոչով - RadioVan.fm

Онлайн

Մեզ հարկավոր է ամուր թիկունք. Փաշինյանը՝ հակահամաճարակային կաննոների պահպանման կոչով

2020-07-16 14:36 , Политика, 888

Մեզ հարկավոր է ամուր թիկունք. Փաշինյանը՝ հակահամաճարակային կաննոների պահպանման կոչով

«Մինչ Հայաստանի զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը՝ մեզ հարկավոր է ամուր թիկունք, և այս առումով ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում շարունակում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր: Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեսթերի ընդհանուր թվից: Ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին սահմանին տիրող վիճակին անդրադարձից զատ՝ խոսելով կորոնավիրուսային հիվանդության ներկա վիճակից՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, միաժամանակ, ընդգծեց, որ վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է, և իրենց վերլուծությամբ՝ այդ թուլացումը կարող է կապված լինել հակահամաճարակային գործողությունների ու դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ:

«Ցավոք, ոչ բոլորն են մինչև այս պահը կրում դիմակներ. մեր կոչն է անպայման հետևել այդ կանոններին»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ համեմատական անցկացնելով մոտ երկու շաբաթվա վաղեմության թվերի ու իրավիճակի հետ, կարող են արձանագրել, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով էական առաջընթաց կա:

«Թվի բացարձակ մեծ լինելը, բայց, միևնույն ժամանակ կայուն լինելը, արդյունք է բոլոր հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունը, ազգաբնակչությունը իրականացնում են»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Տանը տեղափոխման սպասող որևէ քաղաքացի արդեն 4 օր է՝ չունենք, իսկ ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն և տատանվում է 650 թվի շուրջ:

Նախարարի գնահատմամբ՝ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերին և, առնվազն, չեն ունենում այնպիսի իրավիճակներ, երբ դուրս կթողնեն որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից՝ անկանխատեսելի հետևանքոներով

Արսեն Թորոսյանը շեշտեց՝ հակահամաճարակային կանոններին հետևելը առօրյայի մաս պետք է դարձնենք, ինչը, ըստ նախարարի, մեր փորձով փաստվում է, որ աշխատում է:

Կառավարության նիստի այս և այլ հարցերի շուրջ քննարկումը՝ տեսանյութում:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 33 559-ի, որից 21 931-ապաքինված, 607-ը՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ առ այսօր գրանցվել է մահվան ևս 189 դեպք, երբ կորոնավիրուսով հիվանդները մահացել են այլ հիվանդության պատճառով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 832 մարդ, մինչ օրս 141 410 թեստավորում է արվել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть