Պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները. Փաշինյանը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը - RadioVan.fm

Онлайн

Պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները. Փաշինյանը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

2020-07-16 17:41 , Общество, 1201

Պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները. Փաշինյանը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր կայացել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը:

Զինվորական արարողակարգով կայացած հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով.

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Վեհափառ Տեր,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Պարոնայք գեներալներ և սպաներ,

Հարգելի ներկաներ,

Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:

Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ:

Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով:

Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ: Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին: Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս:

Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան,

Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Հիշեցնենք՝ Գարուշ Համբարձումյանը մեկն է այն 4 զինծառայողներից, որոնք զոհվել են հուլիսի 12-14-ը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով:

Թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հավելենք՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Հարաբերական անդորրը, սակայն, խախտվել է. ժամ առաջ հաղորդվեց, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть