Հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորված 48-ամյա չինարեցին այրվածք է ստացել, վիճակը կայուն ծանր է - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորված 48-ամյա չինարեցին այրվածք է ստացել, վիճակը կայուն ծանր է

2020-07-16 18:17 , Общество, 1066

Հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորված 48-ամյա չինարեցին այրվածք է ստացել, վիճակը կայուն ծանր է

Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 48-ամյա Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

«Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից:

Նշվում է, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով:

Հիշեցնենք՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Իջևանում ձևավորված ճգնաժամային կենտրոնում այսօր կայացած ճեպազրույցում կենտրոնի համակարգող ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կեսգիշերից վերսկսված մարտերի հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ չունի: Ավելի ուշ նա գրեց, որ հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Ժամ առաջ հաղորդվեց, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть