Սյունիքում ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի 24-ամյա քաղաքացուն․ նա կալանավորված է - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի 24-ամյա քաղաքացուն․ նա կալանավորված է

2020-07-21 14:19 , Право, 1434

Սյունիքում ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի 24-ամյա քաղաքացուն․ նա կալանավորված է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։

Հաղորդվում է, որ ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ․ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողները մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նրանց միացել են ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

«Մեկնեցինք Սյունիքի մարզի այն հատված, որտեղով, ըստ տեղեկությունների, պետք է անցներ այդ անձը: Հուլիսի 10-ի երեկոյան դարանակալեցինք նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում», - նշել է ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ բաժնի պետ Գևորգ Ասրյանը։

Ոստիկանները շարունակել են հետևել կասկածյալի շարժը։ Նա զինված է եղել: Քննարկվել են վնասազերծման տարբերակներ, ու քանի որ կասկածյալը շարժվել է դեպի հայկական գյուղ, որոշում է կայացվել բռնել ձորից ավտոճանապարհ դուրս գալու պահին։

«Օպերատիվ խմբերից մեկը դարանակալեց նշված հատվածում։ Անտառից դուրս գալուն պես քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները վնասազերծեցին տղամարդուն և զինաթափեցին»,-հայտնում են ոստիականությունից;

Տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվել է ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվել են փորձաքննության։

«Զննեցինք նաև նրա անցած տարածքը։ Անտառում հայտնաբերեցինք նրա մյուս ուսապարկը, որի մեջ կային ջրով շշեր, սննդամթերք, զինվորական համազգեստ, դիմակ, գլխարկ ու բջջային հեռախոս»,-մանրամասնում են ոստիկանությունից՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ ազգությամբ ադրբեջանցի, 24-ամյա տղամարդը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть