«Սասնա ծռեր» հիմնադրամը չի դադարեցնի գործունեությունը, այն կանվանափոխվի - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռեր» հիմնադրամը չի դադարեցնի գործունեությունը, այն կանվանափոխվի

2016-11-28 17:20 , Общество, 753

«Սասնա ծռեր» հիմնադրամը չի դադարեցնի գործունեությունը, այն կանվանափոխվի

«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբի կողմից տարածած հայտարարությանը: Հիմնադրամի տարածած հայտարարությունում նշված է.

««Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:

Հիմնադրամը քաղաքական կազմակերպություն չէ և ոչ էլ որևէ քաղաքական կառույցի կցորդ: Եթե այն ունի քաղաքական հռչակագիր, ապա, դա մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան է, իսկ քաղաքական ուղղվածությունը՝ մարդասիրությունը։ Չնայած քաղաքական ճնշմանը Հիմնադրամը միշտ մնացել է Բարեգործական դաշտում։

Հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռեր» անունով, քանի որ հենց «Սասնա Ծռեր» խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը:

Ստեղծման պահից՝ 2016 թ. օգոստոսի 17–ից հիմնադրամն անցել է որոշակի ճանապարհ ու որոշակի փոփոխությունների ենթարկվել, չնայած դրան հավատարիմ մնալով իր նախնական նպատակին: Հոգաբարձուների խորհրդի հինգ անդամներից երկուսն իրենց սեփական դիմումով հրաժարվել են անդամակցությունից ։

Հիմնադրամն անընդհատ ձգտել և ձգտում է գտնել իր շահառուների ընտանիքներին օգնելու ավելի ու ավելի էֆեկտիվ, արդիական ու գրագետ ռազմավարություններ, նաև, կազմակերպում է լրացուցիչ գումարներ հայթայթելու զանազան միջոցառումների շարք: Սակայն, վերջին օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամների և նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը:

Տեղեկացնում ենք,որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ:

Ինչ վերաբերում է շահառուների ցանկերը վերանայելուն, ապա, շահառուների ցանկում փոփոխություններ առայժմ չեն կարող իրականացվել, քանի դեռ հիմնադրամի հաշիվների վրա կան նվիրատվություններ, որոնք շահառուներին դեռ չեն փոխանցվել: Այն հնարավոր կլինի իրականացնել միայն հանգանակված գումարները բոլոր հասցեատերերի միջեւ բաշխելուց հետո: Բոլոր քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ճանաչված անձանց ընտանիքները հնարավորություն կունենան դիմել ֆոնդին՝ շահառու ճանաչվելու համար:

Հիմնադրամը չի պատրաստվում ոչ պարտադրել իր աջակցությունը, ոչ էլ խտրական լինել շահառուների ընտրության հարցում:

Մենք վերահաստատում ենք մեր նվիրումը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների կասեցման գործին, քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանն ու Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ազատ, ուժեղ, ժողովրդավարական պետություն»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամները բանտից հղած բաց նամակում համանուն հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին հորդորել էին դադարեցնել հիմնադրամի գործունեությունը, քանի որ, ըստ նրանց, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում, որի հետեւանքով խախտվել է միջանձնային հարաբերությունների էթիկան: Շարժման համակիրներին էլ կոչ էր արվել այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ իրենց հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն:

Лента

Рекомендуем посмотреть