Էրդողանը բավարարում է հասարակության «սովը»․ թուրքագետը՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում առաջին նամազի մասին - RadioVan.fm

Онлайн

Էրդողանը բավարարում է հասարակության «սովը»․ թուրքագետը՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում առաջին նամազի մասին

2020-07-24 16:09 , Мир, 940

Էրդողանը բավարարում է հասարակության «սովը»․ թուրքագետը՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում առաջին նամազի մասին

Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանություններն այսօր առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազն են անցկացնում։

«Այսօր թուրքական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում հեռարձակում են Այա Սոֆիայի մերձակա տարածքում հավաքված ամբոխի կադրերը։ Թուրքիայի տարբեր շրջաններից և արտասահմանած ժամանած թուրքերը ոգևորությամբ պատմում են այն մասին, որ իրենց աչքերով տեսնում են Ստամբուլի երկրորդ նվաճումը և փառաբանում են նախագահ Էրդողանին։ Իմիջիայլոց, մարդիկ երեկ երեկոյից են սկսել հավաքվել՝քնելով բաց երկնքի տակ, որպեսզի այսօր հնարավորություն ունենան մասնակցել պատմական որակվող աղոթքին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ ընդգծելով, որ, ինչպես տարբեր առիթներով նշել է, Այա Սոֆիայի շուրջ ծավալվողը միանգամայն տեղավորվում է թուրքական ժամանակակից քաղաքական մշակույթի տրամաբանության մեջ և խորհրդանշական կերպով արտահայտում է թուրք հասարակության մեծամասնության հիմնական պատկերացումներն իրենց երկրի, աշխարհի ու իրենց ազգային նպատակների մասին։

«Իսկ Էրդողանը, ինչպես լավ մարդաբան, հրաշալիորեն հասկանում է այդ ամենը և բավարարում է հասարակության «սովը» արդեն շուրջ 20 տարի։ Էրդողանը, միանշանակ, դարձավ Թուրքիայի պատմության անբաժանելի և անմոռանալի մի մասը»,- գրել է Վարուժան Գեղամյանը՝ հրապարակելով նաև լքւսանկար, որում նախագահ Էրդողանն է կնոջ հետ՝ Այա Սոֆիա մզկիթի ցուցատախտակի մոտ։

Հիշեցնենք՝ ս․թ․ հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Դատարանը վճռել է՝ Այա Սոֆիան Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ հիմնադրամի տնօրինության տակ է և հանրության համար նախատեսված է եղել իբրև մզկիթ: Պետական խորհուրդի հիմնավորմամբ, կառույցը սեփականության վկայականում գրանցված է որպես մզկիթ և գույքի տնօրինումն այլ նպատակով անօրինական է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշման հրապարակումից մոտ մեկ ժամ անց ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը, ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։ Պոլսո հայոց պատրիարքն առաջարկել էր Սբ. Սոֆիայում մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքները։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI-րդ դարում՝ Հուստինիանոս կայսեր հրամանով։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть