«Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները». հրապարկվել է վերջին օրերին զինվորականներին ուղղված ԳՇ պետի մարտական կոչը - RadioVan.fm

Онлайн

«Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները». հրապարկվել է վերջին օրերին զինվորականներին ուղղված ԳՇ պետի մարտական կոչը

2020-07-24 22:49 , Общество, 1652

«Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները». հրապարկվել է վերջին օրերին զինվորականներին ուղղված ԳՇ պետի մարտական կոչը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված մարտական կոչը:

Կոչում ասված է.

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները... Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին...

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շա­րունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում... և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունա­վետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք այլևս դատապարտված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ... Աստված մեզ զորավիգ ու պահապան...»:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանը ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Նախ, ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, այնուհետ Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:

Սահմանին լարվածությունը թուլացել էր հուլիսի 14-ին՝ 18:00-ից սկսած, սակայն, հուլիսի 16-ին՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ` «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ընդհանուր առմամբ, վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով, պաշտոնական վերջին տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ և բարձրաստիճան սպաներ, հայկական կողմից՝ 5 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть