Տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ անելու նպատակով, իսկ համակարգերը հաքերային որևիցե հարձակման չեն ենթարկվել․ Վիվա-ՄՏՍ-ը հարցականի տակ է դնում ԱԱԾ «բացահայտումը» - RadioVan.fm

Онлайн

Տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ անելու նպատակով, իսկ համակարգերը հաքերային որևիցե հարձակման չեն ենթարկվել․ Վիվա-ՄՏՍ-ը հարցականի տակ է դնում ԱԱԾ «բացահայտումը»

2020-07-27 14:04 , Право, 1362

Տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ անելու նպատակով, իսկ համակարգերը հաքերային որևիցե հարձակման չեն ենթարկվել․ Վիվա-ՄՏՍ-ը հարցականի տակ է դնում ԱԱԾ «բացահայտումը»

Վիվա-ՄՏՍ-ը, արձագանքելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայաստանյան հեռախոսահամարներից զանգերով բանակի վերաբերյալ «սոցհարցումներ» անցկացնելու վերաբերյալ հրապարակմանը, հայտարարում է, որ հաղորդագրությունում նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով, ու, որ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից։

Վիվա-ՄՏՍ-ն, ահա, տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

«Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»,-ընդգծում են Վիվա-ՄՏՍ-ից:

Նշենք, որ ԱԱԾ-ն վերոնշյալ հայտարարություն-հաղորդագրությունը հեռացրել է ֆեսբուքյան իր էջից, փոխարենը նույն օրը պաշտոնական կայքում զետեղել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունը․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ տարբեր բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть