Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների հարևանությամբ սադրիչ գործողությունների․ Տոնոյանը՝ Լաքոտին - RadioVan.fm

Онлайн

Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների հարևանությամբ սադրիչ գործողությունների․ Տոնոյանը՝ Լաքոտին

2020-07-29 17:44 , Политика, 1160

Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների հարևանությամբ սադրիչ գործողությունների․ Տոնոյանը՝ Լաքոտին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:

Ռազմական գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

«Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին»,-փոխանցում են գերատեսչությունից։

Միաժամանակ նշվում է, որ դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։

Հիշեցնենք՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ երկու երկրների ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ,մեկնարկել են այսօր ու կշարունակվեն մինչև օգոստոսի 10-ը։ Զորավարժություններին, որոնք ինչպես նշվում է՝ անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում՝ տարեկան պլանի համաձայն, ներգրավված կլինեն մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Лента

Рекомендуем посмотреть