Անպայման պետք է իրականացնենք 10 մլն ծառ տնկելու գաղափարը․ Փաշինյանը՝ նորանշանակ նախարար Պետրոսյանին - RadioVan.fm

Онлайн

Անպայման պետք է իրականացնենք 10 մլն ծառ տնկելու գաղափարը․ Փաշինյանը՝ նորանշանակ նախարար Պետրոսյանին

2020-07-31 13:36 , Политика, 103

Անպայման պետք է իրականացնենք 10 մլն ծառ տնկելու գաղափարը․ Փաշինյանը՝ նորանշանակ նախարար Պետրոսյանին

«Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում այժմ բնապահպանության կամ բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: Մի դեպքում՝ մենք հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթներին, մյուս դեպքում հանդիպում ենք բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Եվ մեր խնդիրն է՝ ընդհանրապես գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կբալանասավորի կամ կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը կա քաղաքակրթության և բնության միջև: Պետք է ցավով արձանագրենք, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է, որովհետև քաղաքակրթության ցանկացած դրսևորում ինչ-որ մի բան վերցրել է բնությունից, և շատ բաներ արդեն բնությունից վերցրած են անվերադարձ: Բայց մյուս կողմից այսօր արդեն դա նաև լուրջ մարտահրավերներ է բերում հենց իրեն քաղաքակրթությանը: Եվ մենք պետք է գտնենք համակեցության ճիշտ ձևը, ճիշտ ճանապարհը»,-այս մասին այսօր, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը:

«Ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ մենք դա ուղղակի թույլ չենք տա»,-շեշտել է նա՝ միաժամանակ ցավով նշելով, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը:

«Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,-հավելել է վարչապետը:

Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված, պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում:

Նշենք՝ Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Կոտայքի մարզպետ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել ՀՀ նախագահի՝ երեկ ստորագրած հրամանագրի համաձայն։Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու և շրջակա միջավայրի նախարար նշանակվելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության երեկ կայացած նիստում։

Лента

Рекомендуем посмотреть