Պայթյունից հետո Լիբանանը մեկ ամսից պակաս հացահատիկի պաշար ունի - RadioVan.fm

Онлайн

Պայթյունից հետո Լիբանանը մեկ ամսից պակաս հացահատիկի պաշար ունի

2020-08-05 17:55 , Мир, 1312

Պայթյունից հետո Լիբանանը մեկ ամսից պակաս հացահատիկի պաշար ունի

Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ նախարար Ռաուլ Նեհմեն ասել է, որ Լիբանանին ամենաքիչը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք` ապահովելու համար պարենային անվտանգությունը, և նա այժմ նոր պահեստների համար տարածքներ է փնտրում:

Գործակալության փոխանցմամբ՝ ներմուծողների միության ղեկավար Ահմեդ Հաթիթը «Ալ-Ախբար» թերթին տեղեկացրել է, որ պայթյունի պահին պահեստում գտնվող պաշարները բավարար էին ներքին շուկայի մեկուկես ամսվա կարիքները հոգալու համար, կան նաև 4 նավեր 28 000 տոննա հացահատիկով, որոնք դեռևս չեն ժամանել նավահանգիստ:

Լիբանանի երկրորդ խոշորագույն քաղաքի` Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերի խոսքով՝ Բեյրութի պահեստը 120 000 տոննա հացահատիկի տարողություն ուներ:

Պայթյունի պահին Բեյրութի պահեստում պահվում էր 15 000 տոննայից ոչ ավելի ցորեն:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստային գոտում, ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը խլել է ավելի քան 70 մարդու կյանք, 4 հազարից ավելին վիրավորվել են։ Ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին տեղեկություններ կան պայթյունի հետևանքով 6 հայի մահվան և շուրջ 100-ի վնասված լինելու մասին:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված, Բեյրութը աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Տասնյակ մարդկանց կյանքեր խլած պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- հայտարարել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը:

Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդն էլ, չկարողանալով զսպել արցունքները, լրագրողների ու տեսախցիկների առաջ ասել է, որ «պայթյունը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած պայթյուններին»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть