«Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են»․ Արթուր Ղազինյանը կվիճարկի պարետի որոշման իրավաչափությունը - RadioVan.fm

Онлайн

«Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են»․ Արթուր Ղազինյանը կվիճարկի պարետի որոշման իրավաչափությունը

2020-08-07 15:09 , Право, 1292

«Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են»․ Արթուր Ղազինյանը կվիճարկի պարետի որոշման իրավաչափությունը

«Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության»,-հայտարարում է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնություն է սկսել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում։

Կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի փոխանցմամբ՝ դրա արդյունքը պետք է լինի դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։

Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին քաղաքական գործիչը խոստանում տեղեկացնել լրացուցիչ։

«Այս ապօրինության վերջը գալու է, բոլոր տուգանքները չեղարկվելու են, սա արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները»,-ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է ոստիկանը վարչական արձանագրություն կազմում այդ պահին ջուր խմելու պատճառով դիմակ չկրած քաղաքացու նկատմամբ։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Դիմակի կրման կաննոնները խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть