Եվրամիությունը հուլիսյան կարկուտից տուժած 2 670 գյումրեցու 80․000 եվրոյի աջակցություն կտա - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը հուլիսյան կարկուտից տուժած 2 670 գյումրեցու 80․000 եվրոյի աջակցություն կտա

2020-08-07 19:27 , Общество, 1084

Եվրամիությունը հուլիսյան կարկուտից տուժած 2 670  գյումրեցու 80․000 եվրոյի աջակցություն կտա

2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին հասցված վնասի հետևանքով ստեղծված վիճակին արձագանքելով՝ Եվրոպական միությունը (ԵՄ) 80․000 եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ն այդ ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝ դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:

Նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 13-ին Գյումրիում, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, տեղացած ուժեղ կարկուտը նախկինում գրանցված կարկտահարության դեպքերի համեմատ իր ծավալով և քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն:

Հուլիսի 13-ին հայտնել էինք, որ Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել․ անձրաջրերն ու կարկուտը սառցաբեկորներ էին գոյացրել՝ ծածկույթի տակ թողնելով մեքենաներ։ Ջրասույզ եղած մեքենաները դուրս բերելու համար փրկարարները ռետինե նավակներ էին գործի դրել։

Лента

Рекомендуем посмотреть