Եթե պետությունը աշխատավարձերը բարձրացնի, արդյունքում կշահի: Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում հայտարարեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որն առաջարկեց նվազագույն աշխատավարձը 55 հազարից մինչեւ 100 հազար դրամ (մոտ 210 դոլար) բարձրացնել:
Նրա հաշվարկներով՝ պահանջարկի սահմանային հակվածության գործակիցը Հայաստանում կազմում է 0,95: Հետեւաբար՝ աշխատավարձի ցանկացած հավելման 95 տոկոսը Հայաստանի բնակիչները կձգտեն ծախսել սնունդի, հագուստի, դեղերի վրա, ցանկացած բանի վրա: «Նրանք որքան շատ ամեն ինչ գնեն եւ սպառեն, այնքան շատ հարկեր կգոյանան: Այսինքն՝ դուք նախ կծախսեք աշխատավարձերի բարձրացման վրա, իսկ հետո կշահեք հարկերից: Էլ ինչի՞ց եք վախենում»,- հարցրեց Մելքումյանը:
Ի պատասխան ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ այդ դեպքում ստիպված կլինեն համաչափորեն բարձրացնել մնացած բոլոր աշխատավարձերը (աշխատավարձերի հարաբերակցությունը, աշխատողների որակավորումը եւ պատասխանատվությունը պահպանելու համար), ինչն իրատեսակն չէ: