«Սասնա ծռերի» գործը մոտենում է ավարտին. դատախազը միջնորդել է Սմբատ Բարսեղյանին ցմահ, Պավել Մանուկյանին 9 տարի, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկել - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռերի» գործը մոտենում է ավարտին. դատախազը միջնորդել է Սմբատ Բարսեղյանին ցմահ, Պավել Մանուկյանին 9 տարի, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկել

2020-08-12 19:40 , Право, 1138

«Սասնա ծռերի» գործը մոտենում է ավարտին. դատախազը միջնորդել է Սմբատ Բարսեղյանին ցմահ, Պավել Մանուկյանին 9 տարի, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստը մոտեցել է ավարտին․ շուրջ 3 տարի տևած դատավարությունից հետո այսօրվա դատական նիստում դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով: Նրանք պահանջել են խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը): Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջել է Էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով, Պավել Մանուկյանին, Սեդրակ Նազարյանին` 9 տարի ժամկետով, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս ժամկետով։ Դատախազը միջնորդել է Արմեն Բիլյանին 21 տարվա ազատազրկման դատապարտել, Սմբատ Բարսեղյանին` ցմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Ըստ մեղադրող դատախազի` խմբի անդամները մինչ գրավումը նախապես ուսումնասիրել են գնդի տարածքը, հետո էլ խմբի անդամները կազմակերպել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ ու գունդը գրավելու համար բեռնատարի վարորդից պայմանավորվածությամբ վերցրել են մեքենան։

Բացի այդ, ըստ մեղադրական ճառի, խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին, հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Գագիկ Մկրտչյանին, Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին։ Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Դատախազը նշել է, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ պատժաչափը, սակայն տուժողներն առարկել էին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть