Արցախում բաց տարածքում միջոցառումներին մինչև 100 հոգի կարող է գտնվել, փակում՝ մինչև 40 - RadioVan.fm

Онлайн

Արցախում բաց տարածքում միջոցառումներին մինչև 100 հոգի կարող է գտնվել, փակում՝ մինչև 40

2020-08-13 15:45 , Общество, 1054

Արցախում բաց տարածքում միջոցառումներին մինչև 100 հոգի կարող է գտնվել, փակում՝ մինչև 40

Հայկական երկրորդ հանրապետտությունում ևս կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, երեկոյան ժամը 10-ը ներառյալ:

Այստեղ ևս որոշ սահմանափակումներ մեղմացվում են․ Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ստորագրած հրամանագրից բխող որոշումներ։

Դրանցից մեկով՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, մյուսների համար պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը:

«ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:

Հիշեցնենք, որ ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ»,-մանրամասնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախի պարետի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն:

Հիշեցվում է, որ երեկ Արցախի նախագահի ստորագրած հրամանագրում վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը․ այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանում 5-րդ անգամ 1 ամսով՝ մինչև դեպտեմբերի 11-ը, երկարաձգվեց արտակարգ դրությունը՝ դիմակի կրման պահանջի և որոշ սահմանափակումների վերանայմամբ։

Արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների մեղմացումների շրջանակում թույլատրվեց ընտանեկան արարողություններին՝ ներառյալ տարեդարձը, հարսանյաց արարողությունները և հուղարկավարությունները, ներկաների թիվը նախկին 5-ի փոխարեն առավելագույնը 40-ի հասցնել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть