Դեռևս 1952-1954թթ․ Ամուլսարում հայտնաբերվել է 76 տոննա ուրան․ Ղուկասյանի մտահոգությունները «Լիդիան»-ը կեղծիք է որակում - RadioVan.fm

Онлайн

Դեռևս 1952-1954թթ․ Ամուլսարում հայտնաբերվել է 76 տոննա ուրան․ Ղուկասյանի մտահոգությունները «Լիդիան»-ը կեղծիք է որակում

2020-08-14 18:55 , Политика, 987

Դեռևս 1952-1954թթ․ Ամուլսարում հայտնաբերվել է 76 տոննա ուրան․ Ղուկասյանի մտահոգությունները «Լիդիան»-ը կեղծիք է որակում

Ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացրել քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, թե ակցիայի գլխավոր նպատակը ողջ հանրությանն իրազեկելն է, որ դեռևս 1952-1954 թվականներին Ամուլսարում կատարվել են երկրաբանական-հետախուզական աշխատանքներ և հայտնաբերվել է 76 տոննա ուրան:

Ուստի՝ Ամուլսարը, Ղուկասյանի խոսքով, ռադիոակտիվ սար է, ու հանքի շահագործման դեպքում վտանգներ կան ողջ ժողովրդի համար:

Նա ընդգծել է՝ շատ է զարմացել, երբ նախորդ տարի վարչապետը և կառավարության մյուս անդամները փորձել են հարուցված քրեկան գործի շրջանակում «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի հարցով կատարած փորձագիտական եզրակացությունը ներկայացնել իբրև դրական եզրակացություն, որը հնարավորություն է տալիս հանքը շահագործել:

Մինչդեռ, քաղաքական գործչի խոսքով՝ իրենք մանրամասն ուսումնասիրելով այդ փորձագիտական եզրակացությունը՝ պարզել են, որ այնտեղ ուղղակիորեն նշված է, որ հանքը շահագործելու թույլտվությունները տրամադրվել են ոչ ամբողջական, թերի, սխալ ուսումնասիրությունների և ոչ բավարար տվյալների հիման վրա:

Ղուկասյանը հիշեցրել է՝ փորձագիտական եզրակացությունը քրեական գործի շրջանակում էր, և ստուգվում էին, թե «Լիդիան Արմենիա» ընկերությանը շահագործման թույլտվությունն օրինակա՞ն է տրամադրվել, թե՞ տեղի են ունեցել խախտումներ:

«Կարծես թե «Էլարդ»-ի եզրակացությունը բավարար հիմք էր՝ ենթադրելու համար, որ խախտումներ եղել են, բայց տեսանք, որ գործը կարճվեց»,-ասաց նա:

Քաղաքական գործչի պնդումներին արձագանքել է «Լիդիան Արմենիա»-ն՝ ընդգծելով, որ բազմիցս է ապացույցներ ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:

«ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

_______________________

Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը:

Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների`

-«Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից,

-«Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,

-ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին,

-Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա։

«Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:

Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ»,-ասված է «Լիդիան»-ի տարածած հաղորդագրությունում։

Հավելենք, որ 2019-ի օգոստոսին Քննչական կոմիտեում լրագրողների հետ հանդիպմանն Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն անդրադառնալով գիտական այն պնդումներին, որ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին՝ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությանն առնթեր միջուկային կենտրոնի եզրակացությունը տրամադրվել է Ամուլսարի գործով փորձագետներին և այնտեղ Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին որևէ տեղեկություն չկա։

Իվանյանի այս հայտարարությունից հետո նրա նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть