5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպն ազատագրված է ընդդիմադիր զինյալներից։ Սիրիահայ համայնքի լրատվական «Գանձասար» պարբերականը՝ գրում է.
«Սուրիական պետական պաշտօնական աղբիւրներ հաստատեցին Հալէպ քաղաքի ամբողջական ազատագրումը: Ժողովուրդը ցնծութեամբ կը տօնէ բազմաչարչար Հալէպի ազատագրումը։ Հալէպի յաղթանակը։ Հալէպի եւ ողջ Սուրիոյ համար պատմական օր է այսօր։
Յարգա՜նք բոլոր նահատակներուն։ Պատիւ սուրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովուրդին»։
Մեկ այլ հրապարակմամբ «Գանձասար»-ը տեղեկացնում է, որ Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:
Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:
Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս: