«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն կոչ է անում բոլոր քաղաքացիներին ապրանքի վերադարձի կամ փոխանակման ընթացքում դժվարությունների բախվելիս ահազանգել Կազմակերպությանը +37410 430 930 հեռախոսահամարով: Կազմակերպությունը պատրաստակամ է համատեղ իրացնելու սպառողի` ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու իրավունքը: Այդ մասին կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել՝ սպառողներին հիշեցնելով, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ(07.07.2016թ.) հստակ սահմանվել է նաեւ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը. «Եթե նախկինում սահմանվում էր սպառողի` ապրանքը փոխանակելու իրավունքը, իսկ վերադարձը միայն այն դեպքում, երբ բացակայում էր նմանօրինակ ապրանքը, իսկ նմանօրինակ ապրանքի առկայությունը հաճախ տարընկալման առիթ էր հանդիսանում և արդյունքում շատ տնտեսվարողներ անգամ բացահայտ հայտարարում էին, որ իրենք իրականցնում են միայն փոխանակում` վերադարձ չեն իրականացնում, ապա նոր խմբագրությամբ բացը լրացվել է` սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել»,-ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում:
Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ չնայած Օրենքի պահանջի վերաբերյալ տնտեսվարողները ծանուցվել են ինչպես շրջայցերի, այնպես էլ էլ. փոստերին ուղարկված համապատասխան նամակների միջոցով, այդուհանդերձ, իրացման ցանցում դեռևս առկա են վահանակներ, որոնք հակասում են օրենսդրության պահանջներին` «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ «Գնված ապրանքը ենթակա է միայն փոխանակման» բովանդակությամբ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկներին գործունեություն ծավալել՝ ելնելով օրենքի պահանջներից: