«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է»,-ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների ընդունելության ժամանակ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն: