«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության 100 հազար դրամի չափով զինվորական թոշակը, որը նա ստանում է Արցախից, դադարեցրել են վճարել:
Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ Բերձորի դեպքերից հետո իր պաշտպանյալը, այսպես ասած, անցանկալի անձ էր համարվում: Նա լիազորագիր էր թողել ու նրա նպաստը ստանում էին մինչև վերջերս: «Հետո Արցախից հայտնել են, որ Պավլիկ Մանուկյանը պետք է անձամբ ներկայանա և ստորագրի, որպեսզի տեղեկանան, որ դա նույն անձն է և նպաստը վճարեն, բայց մենք տեղեկացրել ենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է ՔԿՀ-ում, կալանքի տակ է և չի կարող ներկայանալ նպաստը ստանալու»,-ընդգծել է փաստաբանը:
Պավլիկ Մանուկյանը, հիշեցնենք, գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
ՊՊԾ գնդի գրավման գործով՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Առաջադրված մեղադրանքը լրացվել է. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը: