ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակից բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին Իրավաբան.net–ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«2016թ.հունիսի 13-ին ահազանգ է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 19:00-նն ընկած ժամանակահատվածում, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակի վաճառքի սրահի դրամարկղի բաց դարակից գաղտնի հափշտակել է «Սամսունգ Գալաքսի» A310 մոդելի բջջային հեռախոս: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ դրամարկղի մոտից վերցնում մի առարկա»,-ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ.
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին՝ ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է հայտնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: