Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արմավիրի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշտարակի, Եղվարդի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ապարանի, Նոյեմբերյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից` ընդգծելով, որ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Գերատեսչությունը հորդորում է վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոտք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները:
Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: